National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2016
Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են խորհրդարանականներին
1 / 9

ՀՀ Ազգային ժողովում մարտի 15-ին տեղի են ունեցել ԱԺ խմբակցությունների հանդիպումները Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՄԻՀԳ-ի պատվիրակության հետ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատրաստակամություն է հայտնել պատվիրակության անդամների հետ քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված իրենց նկատառումները: Զրուցակիցներն անդրադարձել են մեծամասնական համակարգին, դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակմանը, ընտրությունների վերահսկողության մեխանիզմներին, խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը: Տիկին Փոստանջյանը կարեւորել է խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցումը՝ նշելով, որ նախատեսվող հինգ տոկոսը բավական բարձր է հաղթահարելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի պատվիրակության հետ հանդիպել են նաեւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է ընտրական գործընթացներին եւ ներկայացրել, իրենց համոզմամբ, ընտրակեղծիքները բացառող մեխանիզմները: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության հինգ հիմնական առաջարկները, որոնք են՝ մատների թանաքոտման եւ ստուգման հուսալի մեխանիզմի ստեղծումը, ընտրացուցակների ճշգրտումը, տեղամասային կենտրոնները եւ տեղամասային կենտրոնին հարող տարածքի տեսանկարահանումը ինտերնետային տեսախցիկներով, ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակների հասանելիությունն ու հրապարակումը, տարածքային համամասնական ցուցակների բացառումը: Պատգամավորը տեղեկացրել է, որ քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ձեւավորվում է նաեւ միասնական ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որի նախագիծն արդեն առկա է:

Պատվիրակության հետ հանդիպել են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է հինգ հիմնական առաջարկ, որոնց նպատակն ընտրությունների թափանցիկության, հրապարակայնության եւ հանրային հսկողության մեծացումն է եւ հնարավոր ընտրակեղծիքների բացառումը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Հովհաննես Մարգարյանն իր խոսքում քննարկվող նախագիծը որակել է որպես հետընթաց քայլ եւ մանրամասն ներկայացրել առաջարկները:

Խմբակցության անդամները նշել են, որ իրենց առաջարկները քննարկել են ընդդիմադիր գործընկերների, քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ, ստացել նրանց դրական արձագանքները:

Պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Լյովա Խաչատրյանը եւ Արմեն Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ ընտրական օրենսգրքի նախնական տարբերակի, մասնավորապես՝ ընտրատեղամասերում լրատվամիջոցների եւ դիտորդների ներկայացվածության սահմանափակման հետ կապված: Քննարկվել է ազգային փոքրամասնությունների մասնակցության առավել արդյունավետ մեխանիզմ ներդնելու տարբերակը, անդրադարձ է կատարվել նաեւ ընտրացուցակների հրապարակման խնդրին: ԲՀԿ ներկայացուցիչների գնահատմամբ՝ առավել նպատակահարմար է, որ կուսակցություններն ունենան 2 վստահված անձ՝ նախկին համամասնական ցուցակի եւ մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածուների մեկական վստահված անձանց փոխարեն: Քննարկվել է նաեւ էլեկտրոնային գրանցման առավել արդյունավետ մոդելի անհրաժեշտության խնդիրը:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց 30-ից ավելի առաջարկները կներկայացնեն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք քննարկման ժամանակ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը եւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի պատվիրակության հետ:

Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին՝ զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետները եւ անդրադարձել քննարկվող օրենսգրքի՝ իրենց բնորոշմամբ խնդրահարույց դրույթներին: Պատգամավորները մասնավորապես անդրադարձել են բազմակի քվեարկության բացառմանը, էլեկտրոնային մատնահետքերով գրանցման եւ նույնականացման քարտերով քվեարկության հարցերին: Զրուցակիցները կարեւորել են նաեւ խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության հարցը եւ իրենց մտահոգությունը հայտնել նախագծով առաջարկվող 13 ընտրատարածքների վերաբերյալ:

Պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ նշելով, որ այժմ իրենց գործունեության փաստահավաք փուլն է, իսկ արդեն ձեւավորված տեսակետները կներկայացվեն մեկ ընդհանուր փաստաթղթով:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի պատվիրակության անդամների հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրանք նշել են, որ ՀՀ ընտրական օրենսգրքի մշակող խմբի հետ նախնական քննարկումներ են ունեցել եւ ներկայացրել իրենց տեսակետները: Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ՝ խմբակցության ներկայացրած մի քանի հիմնարար առաջարկներ եղել են ընդունելի եւ տեղ են գտել նախագծում:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակման անհրաժեշտությանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա արձանագրել հնարավոր բազմակի քվեարկությունների ծավալը, որը կարեւոր է նաեւ վերջնական արդյունքների բողոքարկման համար:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը պատվիրակության անդամներին են ներկայացրել նաեւ այլ առաջարկներ:

Այնուհետեւ պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանը, Արտաշես Գեղամյանը, Արտակ Դավթյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Արտակ Զաքարյանը, Հայկ Բաբուխանյանը, Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը եւ Սամվել Ֆարմանյանը:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների խոսքով՝ իշխանությունները փորձում են մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխանող Ընտրական օրենսգիրք: Նշվել է, որ թեպետ նախագծի շուրջ տարբեր ձեւաչափերով արդյունավետ քննարկումներ արդեն իսկ ծավալվել են, բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, այդուհանդերձ քաղաքական մեծամասնությունը շարունակում է եւ պատրաստակամ է քննարկել ու ընդունել բոլոր այն առաջարկները, որոնք միտված կլինեն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կատարելագործմանը: Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների ներկայացվածության հարցին, քննարկվել են նրանց մասնակցության առավել արդյունավետ մոդել ներդնելու տարբերակները: Խմբակցության անդամները տեղեկացրել են, որ թեմայի շրջանակում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ընտրացուցակների հրապարակման նպատակահարմարությանը, հնարավոր բազմակի քվեարկությունները բացառելու նպատակով իրականացվող մեխանիզմների կիրառմանը, ընտրախախտումների նվազեցմանը եւ կարեւորվել քաղաքական բոլոր ուժերի կողմից հնարավորինս հավանության արժանացած Ընտրական օրենսգրքի ընդունումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am